AM
16 December 2022 - 06:55 AMT

Քերոլայն Քոքս․ Հայոց ցեղասպանության հերթական գործընթացը պետք է կանխվի

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը ևս անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Բարոնուհին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայոց ցեղասպանության հերթական գործընթացը պետք է կանխվի։

«Մեծ Բրիտանիայի դիրքն աշխարհում չի բարելավվի, եթե նրա նավթային շահերն Ադրբեջանում գերակա լինեն ԼՂ հայ քրիստոնյաների կյանքի, ազատության և հողի նկատմամբ»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։