Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել, է, որ բոլորին հրավիրում է հանրահավաքի, որը կկայանա դեկտեմբերի 17-ին` ժամը 15:00-ին, Ստեփանակերտում։
Նա հայտնել է գազամատակարարման վերականգնման մասին և հավելել, որ հավանաբար, կբացվի նաև Լաչինի ճանապարհը։ Նա ասել է, որ նման իրավիճակում անցկացրած 4 օրը ցույց տվեցին արցախցիների միասնականությունը։ Նա շնորհակալություն է հայտնել նրանց ուժեղ լինելու և չընկճվելու համար։
«Կոչ եմ անում բոլորին մասնակցել հանրահավաքին, որպեսզի ցույց տանք մեր ուժը, մեր միասնականությունը, ցույց տանք, որ Արցախը մեծ ուժ է»,- ասել է նա։
Վարդանյանն ասել է, որ պետք է պատրաստ լինել նման իրավիճակների, քանի որ Ադրբեջանը չի հանգստանալու և սրանով ամեն ինչ չի վերջանալու։
«Մյուս կողմից՝ նրանք լավ դաս ստացան, որ անհնարին է արցախցուն կոտրել, կոտրել մեր կամքը»,-ասել է Վարդանյանը։
Նշելով, որ այս օրերին Օպերատիվ շտաբը մեծ աշխատանք է կատարել՝ պետնախարարան ասել է, որ եղել են մարդիկ, որոնք փորձել են բարձրացնել վառելիքի գինը, դեղորայքի գինը, և նման մարդկանց համար ամենալավ պատիժը կարող է լինել ամոթանքը և, հնարավոր է, նրանց անունները հրապարակվեն։
Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։






