Վրաստանի հայ համայնքը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում ստեղծված իրավիճակը և կոչ անելով Վրաստանի կառավարությանը համարձակվել դատապարտել ստոր քայլը 120,000 անմեղ բնակչության դեմ։
Համայնքը հորդորում է օգտվել Ադրբեջանի վարչապետի պաշտոնական այցից Թբիլիսի։
«Երբ ամբողջ աշխարհի հայացքն ուղղված է դեպի ֆուտբոլի առաջնություն, երբ ամբողջ աշխարհն ամանորյա նախապատրաստական խառնաշփոթի մեջ է, այդ ժամանակ մոտ 120,000 անմեղ ժողովուրդ 5 օր է, ինչ գտնվում է շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից, քանի որ Արցախի ժողովրդին Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը` Բերձորի (Լաչինի) միջանցքը, այսպես կոչված բնապահպանները փակել են։
Բացի այդ, շատ մարդիկ մնացել են Արցախի սահմանին և չեն կարող վերադառնալ իրենց տներ։ Պարզ է, որ առանց Ալիևի թույլտվության նույնիսկ թռչուն չի թռչում Ադրբեջանում։ Հասկանալի է բոլորիս համար, որ բնապահպան կոչվածները կատարում են Ալիևի հրամանը, որին թևավորում է Թուրքիան։
Ուզում ենք նշել, որ նրանց լոզունգները, պահվածքը, ժեստիկուլացիան, բացահայտ ցուցադրում են «Գորշ գայլերի» խմբավորման առկայությունը այնտեղ, որը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչված է մի շարք առաջատար երկրներում։ Ադրբեջանը այդ ստոր միջոցով փորձում է ճնշում գործադրել Արցախի բնակչության վրա և արցախահայությունը ենթարկվում է հոգեբանական տեռորի։ Դա չի հաջողվել նրանց մոտ 30 տարի առաջ և վստահ ենք չի հաջողվելու այսօր, քանի որ արցախահայությունը անցել է ավելի դժվար օրերի միջով և չի կոտրվել։ Ցավոք պետք է նշել, որ Ալիևի ռեժիմը շարունակում է մնալ անպատիժ։
Հավատում ենք, որ նավթի առկայությունը չի կարող գերակշռել մարդկանց իրենց հողում խաղաղ ապրելու իրավունքը։
Տասնյակ տարիներ շարունակ Ալիևների բռնապետական ռեժիմը հաջողությամբ դաստիարակել է սերունդներ`ատելությամբ լցված հայերի նկատմամբ, ինչի վառ օրինակն է ահաբեկիչ` Ռամիլ Սաֆարովին հերոսացնելը, նաև 2020թ. 44 օրյա պատերազմի ժամանակ, և հետո ադրբեջանցիների ոչ մարդկային պահվածքը գերիների նկատմամբ։ Ալիևի սպառնալիքն անհերքելի փաստ է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հակառակ դեպքում կկրկնվի ցեղասպանություն։
Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը, օգտվելով Ադրբեջանի վարչապետի պաշտոնական այցից, համարձակություն ունենալ, ռեալ գնահատել իրականությունը և դատապարտել ստոր և անմարդկային քայլը 120,000 անմեղ բնակչության դեմ»,-ասվում է հայտարարության մեջ։
Համայնքը նաև կոչով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետություններին՝ ձեռնարկելու քայլեր առաջն առնելու հայերի նոր ցեղասպանության։
Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։






