AM
16 Դեկտեմբեր 2022 - 13:55 AMT

Բաբայան. Եթե Լաչինում մաքսակետ դնեն, դառնալու է բանտ տանելու մի կետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Լաչինի միջանցքը փակելու հետ կապված Ադրբեջանի հեռահար նպատակներին, ասել է, որ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքում մաքսակետ դնելու առաջարկն իրենց համար անքննարկելի է։

«Դա անքննարկելի է մեզ համար, որովհետև ռուս խաղաղապահները արդեն իրականացնում են այդ գործառույթը, բացի դրանից, ըստ 2020 թվականի պայմանավորվածության այդպիսի բան չի կարող լինել։ Մաքսակետը Արցախի համար ոչ թե լինելու է հսկիչ կետ, անցման կետ կամ մաքսակետ, այլ՝ բանտ տանելու մի կետ, որովհետև ամեն մեկին բռնելու են։ Չեմ կարծում, որ այստեղ կարող է լինել որևէ հետնահանջ։ Անհնար է։ Այդ մաքսակետը կոպիտ ձևով խախտում է պայմանավորվածության էությանը, պետք է խստիվ հետևել։ Ծանր պայմանագիր է մեզ համար, շատ, սարսափելի, բայց պետք է խստիվ հետևել։ Ո՞վ պետք է պարտադրի, եթե չես ուզում, սկզբունքային ես, շարունակում ես քո պայքարը։ Եթե սկզբունքային ենք ու հայրենասեր, գումարած պրոֆեսիոնալիմզը, որևէ մեկը մեզ որևէ բան չի կարող պարտադրել»,- նշել է Բաբայանը, գրում է Panorama.am-ը։

Բաբայանը նշել է, որ Ռուսաստանը շատ ակտիվ ներգրավված է միջանցքի բացման աշխատանքներին, բայց իրենք ուզում են, որ համապատասխան քայլեր ու գնահատականներ անեն նաև այլ երկրները ևս։

Նա գոհունակությամբ նշել է, որ եղել են շատ լավ հայտարարություններ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, եվրոպական տարբեր երկրներից, որոնք դատապարտել են Ադրբեջանին։

«Այժմ ուզում ենք, որ այդ գործընթացը հայտարարությունների փուլից անցնի գործնական փուլ, որովհետև Արցախի դեմ Ադրբեջանի այդ ակցիան քաղաքակիրթ աշխարհի դեմ է»,- ասել է Բաբայանը։

Այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ այս քայլով Ադրբեջանը փորձ է անում նաև ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, նույն «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված՝ Բաբայանը պատասխանել է․«Ադրբեջանը եթե մի քայլ անում է, մի շարք նպատակներ է հետապանդում։ Իհարկե, երևի փորձում են Հայաստանի վրա ճնշում գործադրել, որովհետև եթե ճնշում են Արցախը, այդ ցավը չի կարող չտարածվել նաև մայր Հայաստանի վրա, բայց, կարծում եմ, փոխկապակցել մեկը մյուսի հետ, ճիշտ չէ, ընդհանրապես ես չեմ ընդունում «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը»։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։