AM
17 December 2022 - 06:32 AMT

ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքի ուսումնասիրման վերլուծական կենտրոնը։

Քննարկումը տեղի կունենա Ֆրանսիայի նախաձեռնությամբ և կանցնի փակ ձևաչափով։

Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում ողջունել է այդ փաստը։

«Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Արցախի հարցը: Թեև քննարկումը փակ ռեժիմով է, սակայն դա արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում: Հուսամ՝ ՄԱԿ-ը ավելի մեծ ուշադրություն կդարձնի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծման վրա՝ կատարելով իր պարտավորություններն ու կիրառելով բոլոր հնարավոր մեխանիզմները»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։