ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոունը միացել է ԱՄՆ մյուս կոնգրեսականներին, որոնք նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ նախագահին քայլեր ձեռանրկել՝ ապահովելու համար Արցախի ժողովդրի անվտանգությունը, քանի որ Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ վտանգելով հազարավոր մարդկանց կյանքը»,-ասվում է գրառման մեջ։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։