Նոր տարվա և Սուրբծննդյան տոներին ընդառաջ, հրդեհներից, պայթյուններից և դրանց հետևանքով մարդկանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու նպատակով, Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին և բոլոր ծնողներին`զերծ պահել երեխաներին զանազան պայթուցիկ սարքերի օգտագործումից և դրանց վաճառքից, ինչի հետևանքով յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ ելքով դեպքեր ու արտակարգ այլ պատահարներ:
Աղետալի հետևանքներից խուսափելու և ներկայիս ստեղծված իրավիճակում վախի մթնոլորտ չստեղծելու, ավելորդ խուճապ չտարածելու համար՝ խորհուրդ է տրվում պարզապես չգնել որևէ պայթուցիկ սարք երեխաների համար:
Անվտանգության կանոնների պահանջների իմացությունը հնարավորություն կտա նվազեցնելու հրդեհների առաջացման հավանականությունը և խուսափել անցանկալի հետևանքներից:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։






