Ադրբեջանցիները թույլ չեն տվել ռուս խաղաղապահների ավտոշարասյանը անցնել Լաչինի միջանցքով։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Ռուս խաղաղապահը մոտենում է, այսպես կոչված, ադրբեջանցի «բնապահպաններին»՝ խնդրելով Լաչինի միջանցքում ճանապարհ բացել ռուս խաղաղապահների ավտոշարասյան համար։ Մերժում ստանալով՝ նա հրամայում է շրջվել և հետ գնալ։ Ադրբեջանական կեղծ թեզերի ևս մեկ ապացույց»,- գրել է Ստեփանյանը։
Նա նաև տեսանյութ է հրապարակել։
Մինչդեռ ՄԱԿ-ում ՌԴ մշտական փոխներկայացուցիչ Աննա Եվստիգնեևան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ քննրակվել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված վիճակը, ասել էր, որ հնարավոր եղավ «մասամբ ապաշրջափակել երթևեկությունը միջանցքով»՝ հավանաբար, նկատի ունենալով, որ մի քանի անգամ ադրբեջանցիները թույլ են տվել անցնել խաղաղապահների մեքենաներին։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։