AM
24 Դեկտեմբեր 2022 - 06:34 AMT

ԱՀ նախագահը՝ Լավրովին․ Պատրաստ ենք որպես բանակցային լիիրավ կողմ ներգրավվել Արցախին վերաբերող ցանկացած հարցի քննարկմանը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասուլիսին, ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Ադրբեջանը չի պահպանել պայմանավորվածությունները, ինչի պատճառով մուտք չեն գործել հանքավայր։

Նա հավելել է, որ ԼՂ իշխանությունները պատրաստ են որպես բանակցային լիիրավ կողմ ներգրավվել Արցախին վերաբերող ցանկացած հարցի քննարկումներում:

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շատ դիպուկ է նկատել, որ Ղարաբաղյան խնդիրը որպես ժառանգություն մնացել է Խորհրդային Միությունից:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի՝ Կաշենի հանքավայր այցի պահանջին, ապա իրականությունն այն է, որ դեկտեմբերի 3-ին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն առաջին անգամ արգելափակելուց հետո Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով Արցախի իշխանություններին փոխանցել է գրավոր առաջարկներ, որոնք բնապահպանական խնդիրների հետ շատ քիչ առնչություն են ունեցել և բացարձակապես անընդունելի են եղել Արցախի համար:

Չնայած սրան՝ արցախյան կողմը կառուցողական մոտեցում է ցուցաբերել՝ խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմին փոխանցելով այն առաջարկները, որոնց պարագայում պատրաստ կլինեն թույլ տալ բնապահպանների այց հանքավայր:

Ադրբեջանը չի պահպանել պայմանավորվածությունները, որի պատճառով մուտք չեն գործել հանքավայր: Դրանից հետո նրանք սկսել են ճանապարհի երկարաժամկետ արգելափակումը՝ ոչ միայն հարուցելով լուրջ հումանիտար խնդիրներ Արցախի 120 հազար բնակչության համար, այլ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բազմաթիվ նորմեր ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:

Հուսով ենք՝ ՌԴ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել է նաև եռակողմ հայտարարության կետերի պահպանման կարևորության հարցը:

Այդուհանդերձ, չնայած ադրբեջանական կողմի խախտումներին՝ արցախյան իշխանությունները այսօր էլ հայտարարում են, որ կառուցողական են տրամադրված և պատրաստ են որպես բանակցային լիիրավ կողմ ներգրավվել Արցախին վերաբերող ցանկացած հարցի քննարկումներում»,-ասվում է գրառման մեջ։ :

Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ, ինչպես նշեց Բայրամովը, մոտ 2 շաբաթ առաջ ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մի խումբ բնապահպանների այց կազմակերպել Ղարաբաղի հանքերից մեկը։

«Այդ պայմանավորվածությունը խափանվել է՝ ոչ ադրբեջանական կողմի, ոչ էլ ռուս խաղաղապահների մեղքով։ Ասվեց, որ Ղարաբաղի ղեկավարությունը չի ցանկանում նման պատվիրակություն ընդունել։ Չգիտեմ, թե ով է դրան մասնակից եղել, բայց Բայրամովը հիշատակում էր Վարդանյանին»։