Ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը հանդիպել է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ակցիա իրականացնող արցախցիների պատվիրակին՝ Տիգրան Պետրոսյանին: Ակցիայի նախաձեռնողը տեղեկացրել է, որ մնալու են օդանավակայանի տարածքում մինչև հանդիպեն ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ և նրան փոխանցեն իրենց պահանջները։
Հանդիպումից հետո Պետրոսյանը տեղեկացրել է, որ խաղաղապահ զորակազմի ներկայացուցչին է ուղղել Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու իրենց պահանջը, հայտնում է Արցախպրեսը։
«Կոնկրետ Անդրեյ Վոլկովի հետ պիտի հանդիպենք և իրեն ասենք, որպեսզի մեր պահանջները փոխանցի վերադասին: Կսպասենք այնքան մինչև մինչև ճանապարհը բացվի, որովհետև սա մեր արդարացի պահանջն է: Պետք է հասկանան, որ այստեղ ժողովուրդ է ապրում, ով ազատություն և կյանքի իրավունք է պահանջում»,-ընդգծել է Պետրոսյանը:
Դեկտեմբերի 28-ին մի խումբ արցախցիներ քայլերթով շարժվել են դեպի Ստեփանակերտի օդանավակայան: Ակցիայի նպատակը Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպումն էր և իրենց իրավունքները ներկայացնելը։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։






