Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Հանրապետության հրապարակում քաղաքի հայ համայնքի մի խումբ մտահոգ ներկայացուցիչներ ֆլեշմոբ են կազմակերպել հաջակցություն Արցախի։
Ֆլեշմոբի կազմակերպիչներից Հայորդի երիտասարդաց միության հիմնադիր անդամներից Համլետ Հովսեփյանը տեղեկացրել է՝ քանի որ Փարիզում հավաքներ էին կազմակերպվում, իրենք էլ որոշեցին Ստրասբուրգում փոքրիկ տեղեկատվական ֆլեշմոբ անել, տեղեկացնում է Aravot.am-ը։
«Մեր գլխավոր պահանջը նա է, որ Ֆրանսիան գեղեցիկ խոսքերից նաև անցնի բուն գործողությունների։ Հիմա եվրոպական շատ պետությունների կողմից մեզ սատարող գեղեցիկ խոսքեր են հնչեցվում։ Անգամ Ստրասբուրգի քաղաքապետարանի վրա Հայաստանի դրոշներն էին ծածանվում։ Բայց դա ի՞նչ տվեց մեզ, գրեթե ոչինչ։ Այ, օրինակ` Ուկրաինային կոնկրետ աջակցություն են ցուցադրում, մեզ՝ գեղեցիկ խոսքեր շռայլում»,- ասել է նա։
Հովսեփյանը նաև նշել է, որ Սուրբ ծննդյան տոների առթիվ անվտանգությունից ելնելով՝ Ստրասբուրգի կենտրոնական հատվածներում քաղաքապետարանի կողմից արգելված են հավաքները, այդ պատճառով որոշել են, որ իմաստ չունի հավաքվել եվրոպական հաստատությունների դիմաց։
«Երբ նրանք վերադառնան արձակուրդից, հավանաբար մի հզոր ցույց կկազմակերպենք այդ հաստատությունների դիմաց, բայց հուսանք՝ մինչ այդ ՀՀ-ն Արցախին կապող միակ ճանապարհը կբացվի»,-ասել է նա։
Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» (Le Monde) օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և ՀՀ անվտանգությունը երաշխավորելու համար:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։






