Թուրքիայում ընդդիմադիր 6 կուսակցության դաշինքը նախագահի միասնական թեկնածու կառաջադրի առաջիկա նախագահական ընտրություններում։ Այդ մասին հայտարարել է դաշինքի անդամ հանդիսացող «Ապագայի կուսակցության» առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն ընտրություններն ավելի վաղ անցկացնելու հնարավորության մասին։
«Մենք միասնական թեկնածու առաջադրելու միանշանակ պայմանավորվածություն ունենք: Մենք կունենանք նախագահի մեկ թեկնածու»,- ասել է նա Halk TV-ի եթերում, գրում է ՏԱՍՍ-ը։
Էրդողանի նախկին դաշնակիցը չի հստակեցրել, թե ով է լինելու իրենց նախագահի թեկնածուն։
Իշխող «Ժողովրդական դաշինքի» թեկնածուն, որին ԱԶԿ-ի հետ միասին անդամակցում է «Ազգայնական շարժում» կուսակցությունը, Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանն է։ Նա բազմիցս հորդորել է ընդդիմությանը հրապարակել իր թեկնածուի անունը, սակայն ընդդիմությունը հրաժարվում է դա անել, քանի դեռ չի նշանակվել ընտրությունների օրը:
Որպես ընտրությունների ամենահավանական ժամկետներ տեղի քաղաքագետները նշում են ապրիլի 30-ը, մայիսի 7-ը կամ 14-ը։
Ավելի վաղ Էրդողանը կուսակցության ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները կարող են տեղափոխվել «սեզոնային պայմանների» պատճառով։ Քվեարկությունը նախատեսված էր 2023-ի հունիսի 18-ին, սակայն իշխող կուսակցությունն առաջարկում է ընտրությունները տեղափոխել ավելի վաղ ժամկետ՝ կապված հունիսին համալսարանական քննությունների մեկնարկի, ուսանողական արձակուրդների և արձակուրդների սեզոնի հետ, որը, ըստ ԱԶԿ-ի, կարող է ազդել ընտրություններին մասնակցության վրա։