Արցախում այն տնտեսվարողները, որ կկիրառեն պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանված մինչև 15 տոկոս չափով վերադիրը ներառող ապրանքների իրացման ավելի բարձր գներ, կզրկվեն ապրանքների մատակարարումից։ Այդ մասին ասվում է Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հայտարարության մեջ։
«Տնտեսավարող սուբյեկտներին զգուշացնում ենք, որ Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանել մինչև 15 տոկոսի չափով վերադիր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՀ ԳԳԱ հիմնադրամն իր հերթին տեղեկացրել է, որ Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են հետևյալ ապրանքատեսակները. շաքարավազ, ձեթ, մակարոնեղեն։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։






