Շվեյցարիայի Համադաշնության Կանտոնների խորհրդի արտաքին քաղաքականության կոմիտեն դատապարտել է միջազգային իրավունքի խախտումները, որոնք առաջացել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի անդամ Կարլո Սոմարուգան, հայտնում է Aysor.am-ը։
Նա կոչ է արել հումանիտար օդային կամուրջ կազմակերպել Երևանի և Ստեփանակերտի միջև։
«Կոմիտեն կոչ է անում Շվեյցարիայի Դաշնային խորհրդին (ազգային կառավարություն) քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հասնելու մի կողմից՝ շրջափակման վերացմանն ու ռազմական գործողությունների դադարեցմանը, իսկ մյուս՝ կազմակերպել հումանիտար օդային կամուրջ Երևանի և Ստեփանակերտի միջև»,- գրել է Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի անդամ Կարլո Սոմարուգան։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը բազմիցս կոչ է արել միջազգային հանրությանը օդային կամուրջ ապահովել Երևանի և Ստեփանակերտի միջև։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։






