AM
12 Հունվար 2023 - 06:44 AMT

Արամ Ա-ն Լիբանանում ԱՄՆ դեսպանին առաջարկել է, որ Միացյալ Նահանգներն օժանդակի Լաչինի վերաբացմանը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Լիբանանում ԱՄՆ դեսպան Դորոթի Շիայի հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախում ստեղծված մտահոգիչ կացությանը և առաջարկել դեսպանին, որ Միացյալ Նահանգները անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերի Լաչինի միջանցքը վերաբացելու աշխատանքների ուղղությամբելնելով մարդասիրական մտահոգությունից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև դեսպանի փոխանորդ և մարդու իրավունքների պատասխանատու Կայ Լին, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Ավելի քան 1 ժամ տևած հանդիպումն առիթ է հանդիսացել ընդհանուր արժևորում կատարելու Լիբանանի ներկա կացության և հատկապես անդրադառնալու նախագահական ընտրության և սոցիալ-ատնտեսական մտահոգություններին։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։