ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը կոչ է արել Բաքվին ու Երևանին դիվանագիտական լուծում տալ Լաչինի միջանցքի խնդրին։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոյի Twitter-ի միկրոբլոգում։
«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը կոչ է արել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ ղեկավար Ջեյհուն Բայրամովին անհապաղ զբաղվել դիվանագիտական լուծման որոնմամբ, որը թույլ կտա ապրանքներ տեղափոխել Լաչինի միջանցքով։ Նա կոչ է արել երկու նախարարին կրկին ներգրավվել կայուն խաղաղության հաստատման գործընթացում»,-ասվում է գրառման մեջ։
Հունվարի 11-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։






