Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, անդրադառնալով Լաչինի միկջանցքի շրջափակմանն ադրբեջանցիների կողմից, հայտարարել է, որ, անկախ նրանից, թե ով է փակում ճանապարհը, Ադրբեջանի իշխանությունները և ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն արգելափակվել է 2022-ի դեկտեմբերի 12-ից՝ խաթարելով այնտեղ բնակվող տասնյակ հազարավոր էթնիկ հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, հայտնում է Araratnews-ը։
«Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև արգելափակումը կարող է հանգեցնել մարդասիրական սարսափելի հետևանքների»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
Նշվում է նաև, որ արգելափակված ճանապարհը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի բնակիչներին դուրս գալ կամ մտնել, քանի որ ավելի քան հազար մարդ, ըստ տեղեկությունների, արգելափակված է այս կամ այն կողմից և չի կարողանում հասնել իր տուն: Նրանց թվում կան տասնյակ երեխաներ, որոնք դպրոցական էքսկուրսիայի են գնացել Հայաստանի մայրաքաղաք Երևան և այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց ծնողների մոտ։
«Անկախ նրանից, թե ով է փակում ճանապարհը, Ադրբեջանի իշխանությունները և այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն բաց մուտքը, տեղաշարժի ազատությունը և հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը։ Որքան երկարատև լինեն հիմնական ապրանքների և ծառայությունների մատակարարման խափանումները, այնքան մեծ կլինի քաղաքացիական բնակչության համար վտանգը»,- ասել է Ուիլյամսոնը:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։






