AM
12 Հունվար 2023 - 14:35 AMT

Զախարովան` Ալիևի արտահայտության մասին. Սադրիչ հայտարարություններ դեռ կլինեն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե, եթե ՀՀ-ն սահմանազատում չի ուզում, ապա սահմանը կանցնի այնտեղով, որտեղով Բաքուն կցանկանա, այն սադրիչ է անվանել։

«Այդպիսի մարդիկ, նման հայտարարություններ քիչ չեն լինի։ Դրանք շատ են եղել և դեռ կշարունակվեն։ Դուք գիտեք, թե քանի ուժ է ներգրավված, որքան շահեր են բախվում, որքան կողմեր էլ` պայքարում։ Դուք դա լավ գիտեք, գիտեն նաև տարածաշրջանում։ Այդ պատճառով էլ շատ հայտարարություններ կլինեն»,– ասել է դիվանագետը, հայտնում է Sputnik Արմենիան։

Լրագրողը Զախարովայից հետաքրքրվել է` արդյոք Ալիևի սպառնալիքները հետևանք չեն այն բանի, որ ՀԱՊԿ–ում Հայաստանի դաշնակիցները հստակ քաղաքական գնահատական չեն տվել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային։

Զախարովան ի պատասխան նշել է, որ Մոսկվայից հստակ արձագանքներ շատ են եղել։ Եվ այս առումով ռուսական կողմը կցանկանար հասկանալ հայկական կողմի «հստակ արձագանքը» շատ հիմնարար հարցերի վերաբերյալ։ Զախարովայի խոսքով` այստեղից պետք է սկսել:

«ՀԱՊԿ-ից արձագանք եղել է։ Ես չեմ կարող այն անորոշ անվանել։ Եթե այն չի համընկել կարգավորման մեջ ներգրավված մի շարք քաղաքական գործիչների հայացքների հետ, դա չի նշանակում, որ անորոշ արձագանք է եղել։ Կան կողմերի պայմանավորվածություններ, և նախանշված է գործողությունների ծրագիր։ Դրանցից հեռանալ պետք չէր»,– նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ավելի վաղ Զախարովան իր մեկնաբանության մեջ ասել էր, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս Երևանի համաձայնությունը հիմնվել է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, որն ամրագրված էր 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ, և դա արմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը։