Սամվել Շահրամանյանը նշանակվել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով ԱԽ քարտուղարի տեղակալի պաշտոնից։ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիրը։
Մեկ այլ հրամանագրով, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և ազատվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը նշանակվել է ԱՀ ԱԱԾ տնօրեն՝ ազատվելով ԱԽ քարտուղարի պաշտոնից:
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Արցախում վերջին զարգացումներին, գրել է, որ երկրում ներքաղաքական իրավիճակը էականորեն լիցքաթափվել է։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը առաջարկել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին միասին հրաժարական տալ, ինչին կհաջորդեին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարական չի պատրաստվում ներկայացնել։






