Արցախի պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ:
Խոսելով շրջափակման պատճառների մասին՝ պետնախարարը նշել է. «Սա քաղաքական շրջափակում է, սա միայն ճանապարհի արգելափակում չէ: Ադրբեջանի նպատակը Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնելն է: Պայքարը գնում է սուբյեկտայնության համար»:
Վարդանյանը կառավարության անդամներին պարզաբանել է իրավիճակի հետ կապված իր մոտեցումները:
«Ես հստակ ասում եմ, որ մեր նպատակն է ունենալ անկախ Արցախ, որը պետք է լինի անվտանգ և զարգացած։ Դա շատ կարևոր նպատակ է, որին հասնելը շատ դժվար է։ Բայց ես դա՛ եմ համարում միակ ճանապարհը ու եկել եմ, որ միասին ամեն ինչ անենք՝ այդ նպատակին հասնելու համար։ Հաջողության հասնելու միակ ճանապարհն այն է, որ մենք միասնական լինենք, ու ես, այո՛, աշխատելու եմ բոլոր նրանց հետ, ովքեր համաձայն են իմ սկզբունքների հետ: Հիմա մենք այնպիսի կետում ենք, որ ձախողվելու իրավունք չունենք»,-ասել է պետնախարարը:-
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ չնայած ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է աշխարհին ցույց տալ, թե շրջափակում չկա, սակայն հունվարի 17-ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ տեղափոխվող երեխաների հետ կապված միջադեպն ապացուցում է հակառակը:
Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ընտանիքից կտրված արցախցի 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ Շուշի-Քարին տակ հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են մեքենան, ներխուժել ու սկսել նկարահանել, երեխաներից մեկն ուշաթափվել է։
«Կատարվել է անընդունելի դեպք, որը հաստատեց, որ ճանապարհը փակ է մնում: Շուրջ վեց շաբաթ ընտանիքից բաժանված երեխաներին փորձ է արվել վերադարձնել խաղաղապահների միջոցով, բայց տեսանք, որ անգամ այս պարագայում ադրբեջանցիներն իրենց թույլ են տվել մտնել երեխաներին տեղափոխող մեքենա, նկարահանում կատարել. սա ակնհայտ ոտնձգություն է, և մեծ սթրես է եղել երեխաների համար»-ասել է նա:
Պետնախարարը նշել է, որ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը պահանջում է ոչ միայն հրատապ խնդիրների վերաբերյալ որոշումների կայացում, այլև ստիպում է աշխատանքները նոր ձևով կազմակերպել, քանի որ նոր մարտահրավերներին հնարավոր է դիմակայել միայն համակարգված և թիմային աշխատանքով: Այս իրավիճակում նա առանցքային է համարել կարգապահությունն ու թափանցիկ աշխատանքը:
Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ նա նշել է, որ այն չափազանց բարդ է, քանի որ ճգնաժամի պայմաններում արդեն հին համակարգն ու մեխանիզմները չեն գործում և անհրաժեշտ է համարել ճգնաժամին արձագանքող ճկուն լուծումներով նոր ու ավելի արդյունավետ համակարգի ձևավորումը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև շրջափակման հետևանքով մի շարք ոլորտներում ստեղծված խնդիրներն ու այդ պայմաններում բնակչության կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումները:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։






