Եկատերինբուրգի հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանի նկատմամբ վարչական գործ է հարուցվել հանրահավաք, ցույց կամ երթ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանված կարգը խախտելու հատկանիշներով։ Նա ձերբակալվել է 5 օրով, գրում է ՏԱՍՍ-ը։
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Տելեգրամի իր ալիքում գրել է «Եկատերինբուրգում տեղի ունեցած աղաղակող դեպքի մասին»։
«5 օրով ձերբակալվել է հայ համայնքի ղեկավարը միայն այն բանի համար, որ հայերը տեղի հայկական եկեղեցու բակում դիմել են համաշխարհային հանրությանն Արցախը փրկելու կոչով։
Ասել եմ ու էլի կասեմ՝ հայ հասարակության մեջ ռուսաֆոբ տրամադրությունների հիմնական գեներատորները նրանք են, ովքեր Ռուսաստանում պատրաստ են մի երկու նավթամանաթի համար վաճառել իրենց հայրենիքը»,-ասվում է Աբովյանի գրառման մեջ։
ՏԱՍՍ-ի հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ հունվարի 25-ին Նազարյանի վարչական իրավախախտման մասին գործը ուղարկվել է դատարան։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։






