Իրանի տեղեկատվության նախարար Իսմայիլ Հաթիբը Անվտանգության խորհրդի նիստում, Քերմանշահ գավառ այցի շրջանակում, խորհուրդ է տվել «հարևան երկրներին, սեփական անվտանգությունից ելնելով, հեռու մնալ Իսրայելից»։
Բաքվում կարծում են, որ ակնարկն իրենց է ուղղված, և որ իրանցի նախարարը սպառնում է Ադրբեջանին։
«Հնարավոր է, նախարարն Ադրբեջանին է նկատի ունեցել, որը ջերմ հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ, գրում է Haqqin.az-ը։
Հունվարի լույս 29-ի գիշերը կետային հարվածներ են հասցվել իրանական ռազմական մի շարք օբյեկտների Սպահանում և Թավրիզում, այդ թվում՝ ԱԹՍ–ների արտադրության գործարանին։ ԱՄՆ որոշ ԶԼՄ-ներ գրեցին, որ հարձակման հեղինակը Իսրայելն է, սակայն Իսրայելը պաշտոնապես ոչ մի հայտարարություն չի արել։ Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի կապ չունի հարձակման հետ։