AM
8 February 2023 - 06:30 AMT

ՌԴ ՊՆ. Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում է գրանցվել

Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են գրանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` Մարտակերտի շրջանում։ Այդ մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է ռուս խաղաղապահների գործունեության մասին իր տեղեկագրում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ հրադադարի խախտման արդյունքում տուժածներ չկան։

ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հակամարտող երկու կողմի հետ միասին վարույթ է սկսել խախտման փաստով:

«Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցային գործընթացը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել տեղաշարժը վերսկսելու շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 6-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է գազատարը, փետրվարի 7-ի երեկոյան գազի մատակարարումը մասնակի վերականգնվել է։