Ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի տնտեսության կրած վնասը գնահատվել է $84 մլրդ։ Նման գնահատական է տվել Թուրքիայի ձեռնարկատերերի կոնֆեդերացիան և գործարար շրջանակների ներկայացուցիչները։
«Ակնկալվում է, որ տասնյակ հազարավոր կյանքեր խլած երկրաշարժի երկու հզոր ցնցման արդյունքում Թուրքիայի ազգային էկոնոմիկայի կրած վնասը կկազմի $84 մլրդ կամ ՀՆԱ-ի մոտ 10%-ը»,-նշվում է հաշվարկների մասին հաղորդագրությունում, գրում է ՏԱՍՍ-ը։
Ըստ նույն գնահատման, բնակելի շինություններին հասցված վնասը կազմել է $70․8 մլրդ։ Բացի այդ, երկրաշարժի հետևանքները կհանգեցնեն երկրի բյուջեի եկամտյաին մասի կրճատմանը $10,4 միլիարդով։ Եվս $2․9 մլրդ է գնահատվում աշխատուժի կորուստը։
Թուրքիայի ձեռնարկատերերի կոնֆեդերացիայի հաշվարկները գերազանցում են մյուս տնտեսագետների հաշվարկերը։ Փորձագետներից շատերը միակարծիք են, որ դեռ վաղ է ամփոփել տարերային աղետի վնասները։
ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։