Փետրվարի 12-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է խաղաղ ցույց՝ Արցախի երիտասարդ մայրերի մասնակցությամբ և ֆեյսբուքյան տիրույթում շրջափակման առաջ բերած խնդիրների քննարկման ու համատեղ հաղթահարման համար ստեղծված սոցիալական խմբի նախաձեռնությամբ։
«Այսօր Արցախն ապրում է իր պատմության դժվարին շրջափուլերից մեկը։ Իսկ արցախցին, զրկված լինելով կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններից, շարունակում էր ամուր կառչած մնալ հայրենի հողին։ Այդ ամենով պայմանավորված, որոշեցինք նախաձեռնել այսօրվա ակցիան, ևս մեկ անգամ բարձրաձայնելու մեր երեխաների ոտնահարված իրավունքների մասին։ Որպես խորհրդանիշ` ընտրել ենք մանկան ձեռքը, որն ուրույն խորհուրդ ունի»,- ասել է նախաձեռնության հեղինակ Անի Հայրապետյանը, գրում է Արցախպրեսը։
Հավաքի մասնակից, Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի դպրոցի ուսուցչուհի Քրիստինե Դանիելյանն իր խոսքում անմնացորդ նվիրում է համարել Հայրենիքում ապրելու համար փորձությունները հաստատակամորեն հաղթահարելը։
«Ավելի քան երկու ամիս է փակ է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ կյանքի ճանապարհը։ Իսկ արցախցի փոքրիկները զրկված են անգամ լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունից։ Մեր բալիկներն իրենց տներում խաղաղ ապրել են ուզում, կրթվել ու ստեղծագործել են ուզում»,-նշել է նա։
Ակցիայի ավարտին մայրերի հետ Վերածննդի հրապարակ եկած փոքրիկները գունավոր կավիճներով խորհրդանշական պատկերներ են նկարել։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 6-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է գազատարը, փետրվարի 7-ի երեկոյան գազի մատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 8-ին գազի մատակարարումը կրկին դադարեցվել է։






