AM
15 Փետրվար 2023 - 10:26 AMT

Կանադայի Համայնքների պալատի հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Համայնքների պալատին ներկայացված միջնորդությունն ընդունվել է միաձայն, հայտնում է Արմենպրեսը՝ Կանադայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության վրա հղումով:

«Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միաձայն ընդունել է պատգամավոր Ստեֆան Բերժերոնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, երաշխավորել տեղաշարժի ազատությունը և խուսափել հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից», – ասվում է Կանադայի Հայ դատի հանձնախմբի Twitter-ի էջում տարածված հաղորդագրությունում։

Միջնորդությունը կուղարկվի Համայնքների պալատ, նաև կառավարությունից պատասխան կպահանջվի։

Կանադայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել պատգամավոր Ստեֆան Բերժերոնին, ինչպես նաև հանձնաժողովի բոլոր անդամներին «այս հրատապ հարցում ցուցաբերած աջակցության համար»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։