AM
15 Փետրվար 2023 - 10:28 AMT

Չավուշօղլու․ Պայմանավորվել ենք արագացնել ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման քայլերը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հույս է հայտնել, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների հաստատման գործում առաջընթաց կգրանցվի։

Նա ասել է, որ կողմերը պայմանավորվել են արագացնել հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր իմ գործընկեր Միրզոյանի հետ քննարկել ենք հարաբերությունների կարգավորումը շարունակելու համար անհրաժեշտ քայլերը․․․ մենք պայմանավորվել ենք արագացնել դրանք»,- ասել է Չավուշօղլուն։

Նա հավելել է նաև, որ Միրզոյանը պատմել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի մասին։

«Եթե 3 երկիրը վճռական քայլեր ձեռնարկեն, ապա դա միայն կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, դա կարևոր է նաև տնտեսական բարգավաճման համար»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրք պաշտոնյան ասել է, որ վերանորոգվում են դեպի ՀՀ և Թուրքիայի սահմանային անցակետ տանող ճանապարհներն ու կամուրջները։

Անկարայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը, որին հաջորդել է մամուլի ասուլիսը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը նպատակ ունի ցույց տալ Հայաստանի աջակցությունը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից մեծամասշտաբ վնասներ կրած Թուրքիային։

Այնուհետև Միրզոյանը կմեկնի ավերիչ երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարների հետ: