Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որն արգելափակել էր փետրվարի 8-ին: Հաշվի առնելով մատակարարվող գազի ոչ բավարար ծավալը՝ առայժմ գազը կմատակարարվի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդ-բնակիչներին, հայտնում է ԱՀ Տեղեկատվական շտաբը։
Գազի բավարար ճնշումն ապահովելուց հետո, ուշ երեկոյան նախատեսվում է վերականգնել մայրաքաղաքի և շրջկենտրոնների գազալցակայանների մատակարարումը:
«Արցախգազ» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։






