AM
17 Փետրվար 2023 - 12:11 AMT

Զախարովա․ Ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները դադարեցրել են գործակցությունը հորինված պատրվակով

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում, նշելով, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը «պատմության աղբանոցն է ուղարկվել» դեռ 2022-ի փետրվարին, ասել է, որ եթե որևէ մեկը ձախողել է հայ–ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա Արևմուտքն է` ԱՄՆի–ի գլխավորությամբ։

Նրա խոսքով` ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն են այդ ժամանակ հորինված պատրվակով դադարեցրել փոխգործակցությունը ռուսաստանցի գործընկերոջ հետ, գրում է Sputnik Արմենիան։

«Հասկանալի բացատրություն այդպես էլ չտրվեց։ Դա հաշվի առնելով մենք կենտրոնացանք եռակողմ ձևաչափով Երևանին և Բաքվին աջակցություն ցուցաբերելու վրա հիմնվելով բարձր մակարդակով համապատասխան պայմանավորվածությունների վրա, ինչի մասին բազմիցս խոսել ենք և բացատրել»,– ասել է նա։

Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական կարգավորման հարցում ԱՄՆ միջնորդությանը, ապա ՌԴ ԱԳՆ-ն չի տեսնում, որ այդ ուղղությամբ իրական քայլեր են արվում և այդ միջնորդությունը որևէ հավելյալ արժեք է ներկայացնում։

Հայկական կողմը բազմիցս ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլին հայտարարեց, որ չգիտի, թե ինչ ճակատագիր կունենա Մինսկի խմբի եռանախագահությունը, և այդ անորոշության պատճառը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումն է, որոնք հրաժարվել են համագործակցել ՌԴ-ի հետ այդ ձևաչափով: Արդեն նոյեմբերի կեսերին ամերիկացի միջնորդ Ֆիլիպ Ռիքերը նույնպես ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն փաստացի չի գործում։