AM
17 Փետրվար 2023 - 15:08 AMT

Գաֆարովա․ ԵՄ առաքելությունը կարող է խանգարել ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորմանը

Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, թե ԵՄ դիտորդական առաքելության գործուղումը Հայաստան կարող է խանգարել ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորմանը։ Այդ մասին նա ասել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում, գրում է Interfax.az-ը։

«ԵՄ դիտորդական առաքելության քողի ներքո արտաքին ուժերի գործուղումը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման, և չարաշահումը նրանց կողմից կարող է ռիսկային լինել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար և դրանից պետք է խուսափել։ ԵՄ դիտորդների տեղակայման մասին իմ տեսակետը ես շարադրել եմ ՌԴ-ում տեղի ունեցած հանդիպումների (ՌԴ Պետդումայի նախագահի և Դաշնության խորհրդի ղեկավարների հետ) ժամանակ»,-ասել է Գաֆարովան։

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի ներգրավումը Լեռնային Ղարաբաղում կարգավորման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի։ Նա կոչ է արել առաջնորդվել ԼՂ-ում կարգավորման վերաբերյալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների որոշումներով, իրագործել դրանք։ «Իսկ ովքեր հայտարարություններ են անում եվրոպական ինստիտուտների ուղղությամբ, կարող են ուղղակի կորցնել երկիրը»,-ասել է նա։