AM
18 Փետրվար 2023 - 06:22 AMT

Լաչինի ապաշրջափակման մասով Հաագայի դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 22-ին

Արդարադատության միջազգային (Հաագայի) դատարանը ծանուցել է, որ Հայաստանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը կհրապարակվի փետրվարի 22-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, հրապարակային նիստում, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչությունը։

Նույն օրն ավելի ուշ կհրապարակվի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջի մասին որոշումը:

Ավելի վաղ կողմերը դատարան էին դիմել` պահանջելով դատավարության ընթացքում լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառել։ Մասնավորապես, Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։

Բաքուն Երևանից պահանջում է դադարեցնել ԼՂ–ում տարածքների ականապատման գործունեությունը և տեղեկություն տրամադրել ականների և այլ պայթուցիկ սարքերի տեղի, քանակի, տեսակի և բնութագրերի վերաբերյալ։