AM
18 February 2023 - 07:25 AMT

Մակրոն. Նեոգաղութարար Ռուսաստանը չի կարող հաղթահարել Կովկասի մարտահրավերները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի իր ելույթում հայտարարել է, որ շարունակելու է սատարել Հայաստանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցում է կոնֆերանսին։

Նա նաև ասել է, որ նեոգաղութարար Ռուսաստանը չի կարող հաղթահարել Կովկասի մարտահրավերները, հայտնում է «Հետքը»։

Նշվում է, որ Մակրոնի ելույթը հիմնականում նվիրված էր ռուս-ուկրաինական պատերազմին, բայց նա անդրադարձել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։

Ֆրանսիայի առաջնորդը հիշեցրել է, որ մի քանի օրից՝ փետրվարի 24-ին կլրանա Ուկրաինա ռուսական ներխուժման մեկ տարին, և փաստ է, որ վերջնական եզրահանգումներ չեն կարող անել, կարող են ամփոփել այս մեկ տարին և որոշ տեսակետներ հայտնել։

«Բնականաբար, իմ ելույթի հիմքը կլինի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, բայց ես պետք է նշեմ, որ մենք չենք մոռանում շարունակվող պատերազմները Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, պայքարն ահաբեկչության դեմ, միջուկային անվտանգությունը և այլ հարցեր։

Այսօր մեր խնդիրն է բացատրել, հասկացնել, որ Ռուսաստանն անկայունություն և քաոս սերմանող ուժ է՝ նկատի ունենալով այն, ինչ նա անում է ոչ միայն Ուկրաինայում, այլև Կովկասում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում՝ այս վերջինում՝ «Վագներ» խմբի միջոցով։

Ինչպես հավատալ, որ նեոգաղութարար Ռուսաստանը կարող է հաղթահարել Կովկասի մարտահրավերները։ Ես սա ասում եմ իմ ընկեր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, որի կողքին կշարունակենք լինել և գործել»,-ասել է Մակրոնը։

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր շուրջ: