Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ պատրաստակամ է 3+3 ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել՝ Իրանի, ՌԴ, ՀՀ, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ։ Այդ մասին Աբդոլլահիանն ասել է Թեհրանում ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը Իրանի ԱԳՆ Տելեգրամ ալիքին հղումով։
Գրուշկոն իր հերթին կարևորել է համագործակցության զարգացումը «երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներով»։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։






