ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանը կասեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման (ՌՀԶԿ) պայմանագրին:
«Ռուսաստանը կասեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման (ՌՀԶԿ) պայմանագրին։ Կրկնում եմ` դուրս չի գալիս պայմանագրից, այլ կասեցնում է իր մասնակցությունը», – ասել է ՌԴ ղեկավարը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա հիշեցրել է, որ փետրվարի սկզբին ՆԱՏՕ-ն պահանջել էր ՌԴ-ից վերադառնալ ՌՀԶԿ կատարմանը՝ այդ թվում, թույլ տալ այցերը միջուկային պաշտպանական օբյեկտներ։
«Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես սա անվանել, ուղղակի աբսուրդի թատրոն է կարծես։ Մեզ հայտնի է, որ Արևմուտքն անմիջական առնչություն ունի կիևյան ռեժիմի կողմից մեր ռազմավարական ավիացիայի բազաներին հարվածներ հասցնելու փորձերին»,-ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ այդ նպատակով կիրառված անօդաչուները զինվել և արդիականացվել են ՆԱՏՕ-ական մասնագետների աջակցությամբ։
«Հիմա էլ ուզում են նաև մեր պաշտպանական օբյեկտները ստուգել։ Այսօրվա դիմակայության պայմաններում դա պարզապես անհեթեթ է հնչում», – ասել է Պուտինը։
Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման (ՌՀԶԿ) պայմանագիրը միջուկային սպառազինությունների վերահսկման ոլորտում գործող միակ պայմանագիրն էր, որ գործում էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միակ ռեժիմն է, որի ժամկետը սպառվում է 2026 թվականը: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արդեն սկսել էին միջուկային զենքի սահմանափակման վերաբերյալ ապագա պայմանագրի չափորոշիչների հստակեցումը, սակայն երկխոսությունն ընդհատվեց Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո։