Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի պահպանման ռեժիմի խախտում է գրանցվել: Այդ մասին ռուս խաղաղապահ զորակազմի գործունեության մասին իր տեղեկագրում հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Չի նշվում, սակայն, թե որ կողմն է խախտել հրադադարը։ Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները շարունակում են բանակցային գործընթացը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։