Թուրքիայի Սամանդաղ շրջանում տեղի ունեցած հուժկու երկրաշարժներից թեև զոհեր չեն եղել, բայց վնասվել է հայկական Սուրբ Մարիամ եկեղեցին։
Վաքըֆլը գյուղի համայնքապետ Պերճ Քարթունը նշել է, որ առաջին իսկ երկրաշարժից հետո եկեղեցին փակվել է պատարագների համար։
«Կարելի է ասել, որ վերջին երկրաշարժի հետևանքով եկեղեցին լիովին փլուզվել է։ Այս պահին այն շահագործման ենթակա չէ։ Չենք կարողանում ներսուդուրս անել, պատարագ մատուցել։ Ե՛վ դրսից, և՛ ներսից բավականին վնասվել է»,- ասել է նա, հայտնում է Ermenihaber-ը։
Իսկ հայկական համայնքի նախկին ղեկավարներից Կարպիս Քուշն ասել է, որ, չնայած վիճակը վատ է, սակայն դա համատարած է։ Նա հավելել է, որ միակ լավ բանն այն է, որ մարդկային կորուստներ չկան։
ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ 2 խմբաքանակ ուղարկվել է Թուրքիա, 2-ն էլ՝ Սիրիա։ Փրկարար ջոկատներն արդեն վերադարձել են։
Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։






