AM
22 Փետրվար 2023 - 12:42 AMT

Առաքելյան․ Վարդանյանը հրաժարական չի տա, պաշտոնանկության դեպքում Արցախից չի հեռանա

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, անդրադառնալով պետնախարարի պաշտոնանկության մասին լուրերին, «Ազատության» եթերում ասել է, որ Վարդանյանը հրաժարական չի տալու, իսկ պաշտոնանկության դեպքում Արցախից չի հեռանա:

Նշելով, որ այդ խոսակցությունները նոր չեն, շրջանառվում են նրա պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ Առաքելյանը վստահեցրել է, որ Վարդանյանը չի պատրաստվում հեռանալ Արցախից, քանի որ նրա և իր թիմի ներկայությունն Արցախում պայմանավորված չէ պաշտոնով։ Նա հավելել է, որ այդ մասին նա խոսել է դեռևս իր սեպտեմբերյան ուղերձում, երբ հայտնեց Արցախ տեղափոխվելու իր մտադրության մասին։

«Անկախ նրանից, որևէ քաղաքական փոփոխություն կլինի, թե ոչ, Ռուբեն Վարդանյանի նվիրումն Արցախին չի փոխվելու և նա անելու է առավելագույնն առկա մարտահրավերներին դիմակայելու համար»,-ասել է պետնախարարի խորհրդականը։

Պատասխանելով այն հարցին, թե գուցե Վարդանյանը հեռացվելո՞ւ է պաշտոնից՝ Առաքելյանն ասել է, որ նման տեղեկութուն չունի, այդ պաշտոնին նշանակումն ու ազատումը կատարում է ԱՀ նախագահը, որի գործողությունները նա չի մեկնաբանում։

«Այս պահին նման տեղեկություն չկա, եթե նման որոշում լինի, կարծում եմ, Արցախի նախագահը կներկայացնի և պատճառները, և հետագա անելիքները»,-ասել է Առաքելյանը։

Պատասխանելով ԱՀ նախագահի և պետնախարարի միջև հնարավոր հակասությունների մասին հարցին՝ Առաքելյանն ասել է, որ Վարդանյանի լիազորությունները պետնախարարի պաշտոնը ստանձնելիս հստակ սահմանված են եղել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ասպարեզում։

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ասել է, որ ԱՀ պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել: Այդ լուրը նա հաստատել է MediaHub-ի հետ զրույցում։

Մյունխենի համաժողովի շրջանակում Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարել էր, թե Բաքուն պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղում ծնված և այնտեղ ապրող մարդկանց հետ, բայց ոչ Ռուբեն Վարդանյանի։ Մի քանի օր առաջ Վարդանյանն ամփոփել է ԱՀ պետնախարարի պաշտոնում իր պաշտոնավարման 100 օրը, որից 67-ն անցել է շրջափակման պայմաններում։