ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, փետրվարի 22-ի ճեպազրույցում փոխանցելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կարծիքը, ով Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում նախաձեռնել էր երկու երկրների ղեկավարների բանակցությունները, ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են արձանագրել բանակցություններում վերջին մի քանի ամիսների ընթացքում:
Նա նաև ասել է, որ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում է սպասվում, հայտնում է «Ազատությունը»։
«Սա կողմերի ներգրավվածության արդյունքն է: Սա Միացյալ Նահանգների հետ երկկողմ ներգրավվածության, ԱՄՆ հետ եռակողմ ներգրավվածության արդյունք է, նաև աշխատանքի, որ Եվրամիությունն է արել է իր դիվանագիտական ջանքերով, և ինչը մենք հույս ունենք տեսնել, երբ կողմերն առաջիկա օրերին կհանդիպեն Բրյուսելում՝ ԵՄ նախագահ Միշելի հյուրընկալած բանակցություններում», – ասել է Փրայսը:
Նա միևնույն ժամանակ նշել է, որ «չափից դուրս լավատես չեն»։
«Այսպիսով, մենք հույս ունենք տեսնել այդ առաջընթացի շարունակությունը։ Մենք չափից դուրս լավատես չենք, բայց ամեն կերպ շարունակում ենք աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը՝ համապարփակ լուծման հասնելու համար», – հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:
Բլինքենի միջնորդությամբ Մյունխենում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների ընթացքը։ Օրակարգում են եղել նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի հարցերը։ Ըստ հայկական կողմի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը:






