AM
23 Փետրվար 2023 - 10:21 AMT

ԱՀ ՄԻՊ․ Տարօրինակ է, որ Հաագայի դատարանը չբավարարեց գազի և հոսանքի մատակարարման վերականգնման պահանջը

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, անդրադառնալով Հաագայի միջազգային դատարանի որոշմանը, որով Ադրբեջանից պահանջվել է ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով, տաօրինակ է համարել այն հանգամանքը, որ դատարանը չի բավարարել գազի և էլեկտրականության մատակարարման վերականգնման պահանջը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Դատարանն ապացուցված չի համարելով, որ խափանումները տեղի են ունենում Ադրբեջանի կողմից:

Ստեփանյանը նշել է, որ հայկական կողմը չի կարող համապարփակ ապացույցներ ներկայացնել դրա վերաբերյալ, քանի որ ընդհանրապես մուտք չունի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, այդ թվում՝ կենսական ենթակառուցվածքների վնասման վայրեր:

«Հպարտ եմ, որ նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության արդյունքները և զեկույցները հիմք են դարձել ՀՀ կառավարության այդ հայցի և այս որոշման համար:

Ողջունելի ու շատ կարևոր է նաև, որ դատարանը ամբողջությամբ ու միաձայն մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ՝ ականների կեղծ թեմայով:

Տարօրինակ ու ցավալի է սակայն, որ դատարանը չբավարարեց Հայաստանի մեկ այլ պահանջ գազամատակարարման ու էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ՝ ապացուցված չհամարելով, որ խափանումները տեղի են ունենում Ադրբեջանի կողմից: Այնինչ մենք չենք կարող համապարփակ ապացույցներ ներկայացնել դրա վերաբերյալ, քանի որ ընդհանրապես մուտք չունենք Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, այդ թվում՝ մեր կենսական ենթակառուցվածքների վնասման վայրեր:

Ամեն դեպքում շատ կարևոր եմ համարում առաջին երկու որոշումները և կուզեի շնորհակալություն հայտնել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի թիմին՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, իրավաբանական թիմին և բոլոր անձանց, ովքեր ներդրում ունեն այս նշանակալի հաջողության մեջ:

Պայքարը շարունակվում է, և մենք պետք է կարողանանք միջազգային հանրությանը պատշաճորեն ու հետևողականորեն ներկայացնել ադրբեջանական հանցագործությունները Արցախի ժողովրդի դեմ»,-ասվում է գրառման մեջ:

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: