AM
24 Փետրվար 2023 - 10:40 AMT

Ստանո․ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Լաչինի մասով Հաագայի դատարանի որոշումը

Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ–ի միջազգային դատարանի պարտադիր կատարման որոշումը, որի համաձայն Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն երկկողմ ուղղությամբ պահովելու համար։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայություն խոսնակ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԵՄ-ն նախկինի պես մտահոգված է այն խոչընդոտներով, որոնք առկա են Լաչինի միջանցքում, և դրանից բխող տեղի քաղաքացիական բնակչության համար հումանիտար հետևանքներով։

«Միջանցքի օգտագործման վերաբերյալ Ադրբեջանի բոլոր մտավախությունները կարող են և պետք է լուծվեն բացառապես երկխոսության միջոցով։ ԵՄ-ն կրկին կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին երաշխավորել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ըստ 2020—նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների»,-ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ-ն շեշտել է նաև ԼՂ բնակչությանը գազով, էլեկտրաէներգիայով և այլ ծառայություններով անխափան մատակարարելու կենսական անհրաժեշտությունը։

Միաժամանակ ԵՄ–ն ընդգծել է, որ շարունակում է ներգրավված մնալ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին նպաստելու գործում։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։