AM
25 February 2023 - 08:17 AMT

Գերմանիայի ԱԳՆ․ Կարևոր է, որ Հաագայի դատարանի որոշումը կյանքի կոչվի

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Հաագայի միջազգային դատարանի որոշմանը՝ կարևորելով, որ այն կյանքի կոչվի, հայտնում է Արցախպրեսը:

«Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոցառումների մասին։ Կարևոր է, որ այդ պարտադիր իրավական որոշումը կյանքի կոչվի, և Ադրբեջանն ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։