Փետրվարի 24-ի առավոտյան Իրանի Նոր Ջուղա քաղաքում տեղի է ունեցել հանրահավաք՝ Արցախի շրջափակման դեմ։ Ցուցարարների պահանջը ներկայացվել է նաև պարսկերեն լեզվով, տեղեկացնում է Yerkir.am-ը։
Հանրահավքում ելույթով է հանես եկել ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Ներկա էին Սպահանի պարսկական լրատվամիջոցները։
«Նոր Ջուղայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ կարևոր հանդիպումներ ունենալու, ինչպես նաև փետրվարի 24-ին ի զորակցություն Արցախի կազմակերպված համահավաքին մասնակցելու և խոսք ուղղելու նպատակով շաբաթվա սկզբից գտնվում եմ Իրանում», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդանյանը:
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։






