Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով փետրվարի 26-ին «ՌԴ 49 քաղաքացու, այդ թվում՝ 6 երեխայի, են տարհանել Լեռնային Ղարաբաղից և տեղափոխել ՀՀ»։ Այդ մասին ասվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի փետրվարի 26-ի տեղեկագրում։
Խաղաղապահները նաև հումանիտար բեռով երկու շարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացն ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ վերսկսելու համար անարգել ավտոմոբիլային երթևեկությունը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով։
Խաղաղապահները նաև պարեկություն են իրականացրել 4 երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։






