AM
27 Փետրվար 2023 - 08:56 AMT

ՀՅԴ երիտասարդները ցույց են արել ԱՄՆ–ում Ադրբեջանի դեսպանատան դիմաց

ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ։ Նրանք պահանջել են պատասխանատվության ենթարկել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում հայերի զանգվածային ջարդերի մեղավորներին, հայտնում է Sputnik Արմենիան։

Ակցիայի ընթացքում երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը և կանգնեցրել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին իրազեկման ակցիա իրականացնող գովազդային վահանակներով փողոցներում շրջող մեքենան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Քրիստնե Վարդանյանը։

Ցուցարարները փողոց են դուրս եկել «Նախագահ Բայդեն, դադարեցրու ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին», «Արցախն ուժեղ է», «Նախագահ Բայդեն, կանգնեցրու հայկական երկրորդ ցեղասպանությունը» գրություններով պաստառներով։

ՀՅԴ երիտասարդները Ադրբեջանից պահանջում են նաև անհապաղ ապաշրջափակել ավելի քան 77-օր հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող Արցախը։

1988-ի փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը զանգվածային դաժան սպանությունների և խոշտանգումների ենթարկվեց: Փետրվարի 26-ին Սումգայիթի կենտրոնական հրապարակում սկսված հակահայկական հանրահավաքներում քաղաքի ղեկավարները բռնության բացահայտ կոչեր էին անում: Փետրվարի 27-ին և 28-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարաքների: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով զինված ադրբեջանցիները ներխուժում էին հայերի բնակարաններ ու սպանում նրանց: Դրանից հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում: Հայերի ջարդերը կազմակերպված էին՝ ջարդարարներն ունեցել էին զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները: Սումգայիթյան ջարդերը դարձան սկիզբ Արցախի, Գարդմանքի, Գանձակի և Բաքվի խաղաղ հայ բնակչության դեմ ուղղված բռնությունների նոր ալիքների: 1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ամբողջ հայկական համայնքը` առնվազն 500,000 հայ: Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, սակայն արդեն ուշ էր։

Մինչև 1990-ը միայն Բաքվում բնակվում էր մոտ 300,000 հայ: 1988-1990 թթ. Ադրբեջանում ազգային զտումների հետևանքով երկրից բռնագաղթեց մոտ կես միլիոն հայ, մի մասը համալրեց Սփյուռքը, կեսից ավելին՝ մշտական բնակություն հաստատեց Հայաստանում: