AM
28 February 2023 - 10:49 AMT

Լավրով․ Լաչինում հսկիչ անցակետերի առկայություն նախատեսված չէ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Լաչինի միջանցքում հսկիչ անցակետերի առկայություն նախատեսված չէ։

Նա նաև նշել է, որ Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը պետք է համապատասխանի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով որևէ անցակետի ստեղծում նախատեսված չէ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը լիովին պետք է համապատասխանի առաջին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է բացառապես քաղաքացիական և հումանիտար բեռների, քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությունը։ Դրան էլ ուզում ենք հասնել, առաջին հերթին ռուսական խաղաղապահ զորակազմի գծով։ Այնտեղ նախատեսված չէ որևէ հսկիչ անցակետի ստեղծում»,-ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ կա «կասկածները տեխնիկական միջոցներով փարատելու հնարավորություն»։

«Մենք խոսել ենք այդ մասին։ Տեխնիկական դետալները երկրորդական նշանակություն ունեն»,-ասել է նա։

Փետրվարի 20-ին Եվրամիությունը մեկնարկել է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում։ ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ։ Առաքելության օպերատիվ շտաբը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում է։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:

Առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է Խորհրդի՝ 2023 թ. հունվարի 23-ի որոշմամբ: «Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտությունից տուժած շրջաններում կառուցել վստահության և անվտանգություն, ինչպես նաև ապահովել միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ջանքերին, ինչին աջակցում է ԵՄ-ն»,-ասվում է որոշման մեջ: