ՌԴ պաշտպանության նախարարությունը Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի մարտի 5-ի տեղեկագրում չի անդրադարձել նույն օրը վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ կողմից ԱՀ-ում իրականացրած դիվերսիոն հարձակմանը:
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությն հրապարակած լուսանկարներից երևում է, որ ՌԴ խաղապահ զորախմբի զինծառայողները եղել են դիվերսիայի վայրում, զննել հարձակման ենթարկված մեքենան։
Տեղեկագրում ասվում է, որ խաղաղապահների հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմեքենաների անարգել երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ։
«Պարեկություն է իրականացվել 3 երթուղով՝ Մարտակերտի, Մարտունում և Շուշիի շրջաններում։ Զորակազմը ապահովել է մարդասիրական բեռով խաղաղապահ առաքելության ավտոշարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:
Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ տարածքային կորուստներ չկան՝ նման լուրերը սուտ են։ Ադրբեջանը հայտնել է 2 զոհի մասին։






