Բաքվում գտնվող Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, անդրադառնալով ԱՀ-ում ադրբեջանական հարձակմանը ոստիկանության մեքենայի վրա, նշել է, որ միջադեպն ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցություններն առաջ մղելու անհրաժեշտությունը։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Կրկին Բաքվում եմ։ Բովանդակային հանդիպումներ եմ ակնկալում Ադրբեջանի ղեկավարության հետ` Մյունխենում հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։ Մարտի 5-ին տեղի ունեցած մահացու հետևանքներով միջադեպն ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցություններն առաջ մղելու անհրաժեշտությունը»,-ասվում է գրառման մեջ։
Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:
Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ տարածքային կորուստներ չկան՝ նման լուրերը սուտ են։ Ադրբեջանը հայտնել է 2 զոհի մասին։