AM
6 Մարտ 2023 - 14:46 AMT

ԱՀ նախագահ․ Ադրբեջանը փոխանցել է՝ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ խնդիրներին լուծում չի լինելու

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով ԱՀ ներքին գործերի նախարարության զոհված ոստիկանների հիշատակը, այնուհետև նախագահը հանդես է եկել հայտարարությամբ:

Երկրի ղեկավարի խոսքով՝ ստեղծված իրավիճակի հումանիտար և ենթակառուցվածքային խնդիրները քննարկելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և ներկայությամբ՝ փետրվարի 24-ին արցախյան կողմը հանդիպել է ադրբեջանական կողմի հետ: Ապա պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպման մասին, որը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ: Հանդիպումների օրակարգում չորս հարց էր՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակում, ՀՀ-ից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնում, բնական գազի անխափան մատակարարում և Կաշենի հանքավայրի վերաշահագործում:

«Երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, սակայն Շահրամանյանը կանխել է՝ ասելով, որ եթե պետք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման: Նա հավելել է, որ քաղաքական հարցերի քննարկման համար իրենք լիազորված չեն և տվյալ հանդիպմանը չեն կարող քննարկել այդպիսի հարցեր»,- ասել է Հարությունյանը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ դրանից հետո ադրբեջանական կողմն իր խողովակներով փոխանցել է, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:

«Մենք չենք ընդունել, չենք ընդունում և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք: Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք, կամ եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ տարածքային կորուստներ չկան՝ նման լուրերը սուտ են։ Ադրբեջանը հայտնել է 2 զոհի մասին։