AM
9 March 2023 - 12:22 AMT

Վրաստանում որոշել են հետ կանչել վիճահարույց օրինագիծը. Ցուցարարները շարունակելու են ակցիաները

Վրաստանում որոշել են հետ կանչել վիճահարույց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը երկրում մի քանի օր շարունակվող ցույցերի և հանրահավաքների ֆոնին։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել: Դրա մեջ նշել են, որ խորհրդակցություններ են անցկացրել՝ կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի շուրջ ընթացող քաղաքական գործընթացների հետ, հայտնում է Aliq.ge-ն։

Նրանք նշել են, որ իրենց միասնական ուժերով աջակցություն ստացած և ընդունված օրենքի նախագիծը հասարակության շրջանում տարաձայնություններ է հարուցել։ Իրենց խոսքով, «ստի մեքենան» կարողացել է օրինագիծը ներկայացնել բացասական լույսի ներքո և մոլորության մեջ գցել հանրության որոշակի հատվածի։

«Օրենքի նախագծին «ռուսական օրենք» կեղծ պիտակն է տրվել, որի առաջին ընթերցմամբ ընդունումը հանրության մի մասի պատկերացմամբ` շեղում է եվրոպական կուրսից։

Մինչդեռ քաղաքացիական ակտիվիստները հայտարարել են, որ Ռուսթավելիի պողոտայում երեկոյան նախատեսված ակցիան տեղի կունենա՝ չնայած իշխանությունները որոշմանը։

Թբիլիսիի կենտրոնում մի քանի օր է ցույցեր և հանրահավաքներ են ընթանում, որոնք սկսվել են Վրաստանի խորհրդարանի կողմից մարտի 7-ին «Օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո։ Ոստիկանությունը ցրել է ցույցերը ուժի կիրառմամբ՝ արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ են օգտագործվել, հարյուրավոր մարդիկ բերման են ենթարկվել։