Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ լուրերը, հայտնում է Արցախպրեսը։
Նշվում է, որ Տելեգրամի որոշ ալիքներում լուրեր են տարածվում, թե իբր մարտի լույս 11-ի գիշերը Մարտունու ուղղությամբ ադրբեջանական կողմը կատարել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը տեղեկացրել է, որ նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։
«Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ անփոփոխ և հարաբերական կայուն։ Խնդրում ենք հետևել պաշտոնական լրահոսին» ,-նշել է Սարումյանը:
Մարտի 10-ին՝ ժամը 19։10-ից 19։40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր:
Վերջին օրերին հաճախակի են դարձել հրադադարի խախտումներն Ադրբեջանի ԶՈւ կողմից ինչպես Արցախում՝ շփման գծին, այնպես էլ Հայաստանի հետ սահմանին։






